24  08  2017

Որոշ խմբերի համար կատարակտի վիրահատությունն անվճար կլինի



Կառավարությունն օգոստոսի 24-ի նիստում հավանություն տվեց կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-2018 թվականների միջոցառումների ծրագրին:

Հայաստանում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններից են աչքի հիվանդությունները:

Պետական ծրագրի նպատակն է 2017 թվականին ապահովել սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը:

Ներկայում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության խմբերին պետական պատվերի շրջանակներում իրականացվում են կատարակտի վիրահատություններ` առանց ոսպնյակի արժեքի:

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիների ընթացքում արձանագրվել է աչքի հիվանդություններով բնակչության հաճախումների թվաքանակի աճ առողջության առաջնային պահպանում իրականացնող կազմակերպություններ: Աճել է նաև աչքիևնրահավելյալապարատի հիվանդությունների` կյանքում առաջին անգամ ախտորոշվածների քանակը: Ընդ որում կատարակտի հիվանդացությունն աճել է 4 անգամ:

Աչքի հիվանդությունների առումով կատարակտ վիրահատելու կարիքը Հայաստանում բավարարվում է մինչև 24%-ի չափով: Հաշվի առնելով, որ ազգաբնակչության 30%-ն աղքատ է և կատարակտ հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է 60-ից բարձր տարիքային խմբում, գնահատվում է, որ կատարակտի վիրահատության չբավարարաված պահանջարկը կազմում է շուրջ 5000 դեպք:

Ելնելով վերոգրյալից և տիրող իրավիճակից, կուրությունը կանխարգելելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներդնելու բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-2018 թվականների նպատակային ծրագիրը, որի արդյունքում պետական պատվերի շրջանակներում լրացուցիչ շուրջ 3000 քաղաքացու կիրականացվի վիրահատություն:

Նախատեսվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում մատուցել կատարակտի վիրահատության (ներառյալ ոսպնյակի արժեքը) ծառայություն 60 տարեկան և ավելի բարձր տարիքի` նախագծով նախատեսված շահառուներին, տվյալ ոլորտում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում:

Շահառուների շրջանակը սահմանվել է հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես.

60 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք. խումբն ընտրվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարակտը համարվում է տարիքային հիվանդություն և, ըստ ԱՀԿ տվյալների, հիվանդների շուրջ 82 տոկոսը պատկանում է հենց այս տարիքային խմբին:

Մանկավարժական աշխատողներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, մշակույթի ոլորտի աշխատակիցներ, ովքեր չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու. Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը, ինչպես նաև կատարակտի հիվանդացության ցուցանիշի վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարակտը մեծ տեսակարար կշիռ է կազմում նախկինում մանկավարժական գործունեություն իրականացրած, մշակույթի, առողջապահական ոլորտների աշխատակիցների մոտ: Վերջիններս, ըստ մասնագիտական գործունեության, գտնվում են ռիսկի խմբերում:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից մինչև 30.00-ըներառյալ, անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ. Նշված անձինք հանդիսանում են անապահով, ունեն ֆինանսական խնդիրներ և չունեն անհրաժեշտ բժշկական օգնությունից օգտվելու արտոնություններ: Այս անձինք ծրագրի շնորհիվ հնարավորություն կունենան խուսափելու կուրությունից:

Տվյալ ոլորտում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժի առկայություն. Աշխատանքային ստաժի տևողության ընտրությունը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ տվյալ ոլորտի աշխատակիցը իրապես պետք է ծավալած լինի գործունեություն, միևնույն ժամանակ, նման աշխատակիցները, ովքեր ունեն որոշակի ավանդ իրենց ոլորտում, սակայն չեն օգտվում որևէ արտոնությունից, հնարավորություն կունենան մասամբ լուծելու առողջական խնդիրները:

Ծրագրի շրջանակներում շահառուի բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրումն իրականացվելու է տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կամ մշտական գործող հանձնաժողովների կողմից, իսկ կատարակտի վիրահատության ուղեգիր տրամադրվելու է տեղամասային ակնաբույժի կողմից զննման և համապատասխան բժշկական ցուցման առկայության դեպքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ