06  06  2017

Հանրային խորհուրդը մտահոգ է առողջապահության ոլորտում իրավիճակով

Հանրային խորհուրդը մտահոգ է առողջապահության ոլորտում իրավիճակով

Հանրային խորհրդում  հունիսի 5-ին տեղի է ունեցել քննարկում առողջապահության ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Նախարարը Հանրային խորհրդին ներկայացրել է ոլորտի զարգացման տեսլականը, ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:

Ըստ Լևոն Ալթունյանի՝ առողջապահական ոլորտում ծախսերը մոտ 180 տոկոսով գերազանցում են պետական բյուջեով նախատեսված գումարը: Այս և այլ խնդիրներ հաշվի առնելով՝ նախարարությունը ձեռնարկել է բարեփոխումների գործընթաց, որի շրջանակում նախատեսվում են իրականացվել մի շարք ծրագրեր: Առաջին հերթին պետք է կարգավորվեն պետպատվերի բաշխման մեխանիզմները, որպեսզի պետպատվերը լինի հասցեական: Ոլորտի մյուս բարեփոխումը էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումն է լինելու: Մյուս կարեւոր բարեփոխումը, ըստ Ալթունյանի, օպտիմալացումն է: Հայաստանում առկա է բուժծառայություն մատուցող 488 հաստատություն, որից 190-ը՝ ստացիոնար, մնացածը՝ ամբուլատոր: Ներկայացնելով միջազգային վիճակագրական տվյալներ՝ նախարարը նշել է, որ բուժհաստատությունների թիվը մեր երկրում շատ ավելին է, քան դրա պահանջարկն է, որի հետևանքով տեղի է ունենում ռեսուրսների անիմաստ վատնում:

Հանրային խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել ՀՀ կառավարության մասնավորեցման ծրագրում ներառված մի շարք բուժհաստատությունների վերաբերյալ՝ նշելով, այդ քայլով պետությունը մասնավորին է հանձնում այնպիսի ոլորտներ, որոնք առնչվում են հանրային առողջությանը, հիվանդությունների կանխարգելմանը, և որտեղ կարևոր է պետության կարգավորիչ դերը:

Լևոն Ալթունյանը պատրաստակամություն է հայտնել այդ բուժհաստատություններից յուրաքանչյուրի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամների, շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել առանձին քննարկումներ:

Խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են նաև հակածխախոտային նոր ռազմավարությունը, որով առաջարկվում է ընդլայնել հանրային վայրերում ծխելու արգելքը: Հանրային խորհրդի անդամները դրական են գնահատել նախարարության հակածխախոտային քաղաքականությունը՝ կարևորելով հանրային առողջության ուղղությամբ իրականացվող քայլերը, միաժամանակ մտահոգություն հայտնել, որ կտրուկ քայլերը մեր երկրում կարող են ոչ ցանկալի հետևանքներ առաջ բերել:

Լևոն Ալթունյանը, պարզաբանելով նախաձեռնությունը, նշել է, որ իրենց նպատակը 5 տարվա ընթացքում 30 տոկոսով ծխողների քանակի նվազեցումն է, ինչն էլ իր հերթին 10 տոկոսով կնվազեցնի ուռուցքային հիվանդությունների քանակը: Այդ ցուցանիշներին հասնելու համար, ըստ նախարարի, պետք են կտրուկ քայլեր՝ տուգանքների ավելացում, հանրային վայրերում ծխելու արգելք և ծխախոտի գնի բարձրացում: «Եթե խոսքն արդյունքների մասին է, բաղադրատոմսը կա: Իսկ եթե այդ միջոցներն ավելի մեղմ լինեն, ապա արդյունքի հնարավոր կլինի հասնել ավելի երկար ժամանակահատվածում»,-ասել է Ալթունյանը:

Նախարարի հետ հանդիպմանը բարձրացվել են նաև էկոլոգիային, բժշկագիտությանը, բժիշկների մասնագիտական որակի բարձրացմանը, հեռահար բժշկության և սպորտային բժշկության զարգացմանը, դեղորայքի շուկային վերաբերող հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ