20  05  2017

Վարդենիսում, Սիսիանում և Բերդում քաղաքացիական հիվանդանոցները և զինվորական հոսպիտալները կմիավորվեն

Վարդենիսում, Սիսիանում և Բերդում քաղաքացիական հիվանդանոցները և զինվորական հոսպիտալները կմիավորվեն

ՀՀ պաշտպանության նախարարությունում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն աշխատանքային քննարկում են ունեցել, որի հիմնական առանցքը եղել է քաղաքացիական և զինվորական բժշկական ծառայությունների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։

Լևոն Ալթունյանը և Վիգեն Սարգսյանը նախ անդրադարձել են Վարդենիսում, Սիսիանում և Բերդում քաղաքացիական հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների միավորմանը` ելակետ ունենալով թե՛ բնակչության, թե՛ զինվորականների բժշկական օգնության որակի բարելավումն ու ծավալների ընդլայնումը։

Առողջապահության և պաշտպանության գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրել են արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց միավորման շնորհիվ ոչ միայն կտնտեսվեն ֆինանսական զգալի միջոցներ, որոնք կուղղվեն ծրագրերի զարգացմանը, այլև էականորեն կբարձրանա մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը։ Հիշեցնենք, որ այս մաիսն Լևոն Ալթութնյանը որոշ մանրամասներ էր հաղորդել նախարարությունում տեղի ունեղած մամուլի ասուլիսի ժամանակ:  

Անդրադարձ է եղել նաև զինակոչիկների պատվաստումներին առնչվող կազմակերպական հարցերին։ Առաջարկվել է ընթացիկ տարում գրիպի բռնկման սեզոնին բանակում ավելի մեծ ընդգրկվածությամբ պատվաստումներ իրականացնել։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը քննարկել են զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության և սպասարկման ծավալների, հասանելիության և որակի բարելավման հնարավոր մեխանիզմները, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել քննարկված հարցերի վերաբերյալ խորքային ուսումնասիրություններ կատարել և սեղմ ժամկետներում զեկուցել արդյունքների մասին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ