25 03 2019

Ո՞ւմ են պատկանում «լքված» հողերը․ նախարարին այս հարցը չի հուզում․ «168 Ժամ»

Ո՞ւմ են պատկանում «լքված» հողերը․ նախարարին այս հարցը չի հուզում․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն օրերս հայտարարեց, որ հանրապետությունում 450 000 հեկտար վարելահողերից մոտ 200 հազար հեկտարը չի մշակվում։ 168.am-ը նախարարի պաշտոնակատարից փորձեց ճշտել՝ ո՞ւմ են պատկանում այդ «լքված» հողերը, արդյո՞ք սեփականատերերի շրջանում կան նախկին պաշտոնյաներ, որոնք հողը ձեռք էին բերել՝ զուտ որպես անշարժ գույք:

«Չգիտեմ՝ ովքեր են սեփականացրել, չենք ասում՝ դա անօրինական է: Կարող է հասարակ գյուղացի էլ լինել, մարդ, որը սեփականաշնորհել է, բայց չի մշակում, Հայաստանում չի գտնվում, կամ գյուղատնտեսությամբ չի զբաղվում, կամ Երևան է տեղափոխվել: Երևանի մոտ գյուղերում հեկտարներով հողեր կան, որոնք ընդհանրապես չեն մշակվում»,- պատասխանեց Գ.Գևորգյանը՝ օրինակ բերելով, որ Բաղրամյանի Նորակերտ գյուղում 570 հեկտար հողն 800 հոգի սեփականատեր ունի, փոքր-փոքր կտրտված հողակտորներ են, որ ընդհանրապես չեն մշակվում:

Նրա խոսքով՝ 0.1 հա-ի վրա պետությունը շատ դժվարանում է օժանդակել հողատերերին, և առաջարկում է կոնսոլիդացվել, կոոպերատիվ ստեղծել, խաղողի այգի հիմնել, և այդ դեպքում կառավարությունը կաջակցի ոռոգման ջրի հարցում:

Գ.Գևորգյանը չբացառեց, որ նախկին իշխանավորները ևս խոշոր հողեր կարող  են ունենալ. «Բայց ինձ չի հետաքրքրում, թե ում է պատկանում հողը, ինձ ավելի շատ հետաքրքրում է, որ այդ հողն օգտագործվի: Եթե նախկին կամ նախկինի նախկին կառավարություններից որևէ պաշտոնյա հող ունի և զբաղվում է դաշտավարությամբ, շատ լավ»:

Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով, իհարկե, կան նախկին իշխանավորներ-հողի սեփականատերեր, և նրանց ոչ բոլոր մասն է դաշտավարությամբ զբաղվում.

«Մարդ կա՝ օգտագործում է, բայց կան, որ չեն օգտագործում հողը, հարկերը չեն մուծում, քանի որ չեն մշակում»:

Հ.Բերբերյանը ևս կարևորեց, որ անկախ սեփականատերերի ով լինելուց, հողերը մշակվեն.

«Խնդիրը կարելի է կարգավորել հարկային քաղաքականությամբ: Եթե չմշակվող հողերը հարկեն բարձր դրույքաչափերով, ապա իրավիճակը կփոխվի: Հարկային քաղաքականությունը կբերի նրան, որ հողերը կօտագործվեն կամ հետ կտան, առքուվաճառք տեղի կունենա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ