26  01  2018

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հարցը հասավ խորհրդարան

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հարցը հասավ խորհրդարան

Հունվարի 26-ին ԱԺ-ում ընթանում են լսումներ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով: Թեմայի շուրջ հիմնակաբ զեկուցող գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ:

Հարությունյանի խոսքով`  ընդամենը 125 կիլոգրամ բանջարաբոստանային սերմեր են ներմուծվել, իսկ սերմերի շուկան ՀՀ-ում ազատականացված է:

Նա պնդեց, որ նախարարությունը որևէ ընկերության հետ չի համագործակցում, նաև հավելեց, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ չկա որևէ օրենսդրական ակտ, որը կարգելի ԳՁՕ սերմերի ներմուծումը:

Փոխնախարարն ընդգծեց, որ ՀՀ-ում ԳՁՕ պարունակող սննդամթերքը վաճառքի դեպքում պետք է բաղադրության մասին մակնանշում ունենա, եթե 0.9 տոկոսից բարձր է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ, դիմելով գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանին, նշեց, որ կան երկրներ, որոնք արգելում են ԳՁՕ-ների արտադրանքը. «Կարծում եմ՝ կան պատճառ, որ արգելում են:

Ի պատասխան գյուղատնտեսության փոխնախարարն ասաց, որ մարդու առողջության հետ կապված հարցերն անընդհատ ուսումնասիրությունների ներքո է, Առողջապահության նախարարությունն էլ է ուսումնասիրում, դրա համար կարեւոր է նախազգուշացման սկզբունքը, որ տվյալ սնունդը պարունակում է ԳՁՕ:

«Հիմա պետք է գիտնականները վերջնական պատասխան տան՝ դա լավ է, թե վատ է: Գուցե մի տեսակետից լավ է, մյուս տեսանկյունից՝ վատ: «Մարդուն պետք է զգուշացնել, որ սննդամթերքը ԳՁՕ է պարունակում, ու նա արդեն կարող է որոշի՝ գնել այդ ապրանքը, թե ոչ: Եթե պարզվի, որ դա վտանգավոր է մարդու առողջությանը, ոչ մեկ խելքից պակաս չէ, որ օգտագործի այդ մթերքը: Այսինքն՝ հարցը դեռևս աշխարհի մակարդակով փակված չէ: Աշխարհի շատ երկրներում դրանք մարդկությանը փրկում են սովից»,-ընդգծեց փոխնախարարը:

 ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի կարծիքով` եթե ԳՁՕ պարունակող մթերքի գնային արժեքը շատ ավելի ցածր է, քան էկոմթերքինը, ապա պարզ է, որ ավելի առողջարար է էկոմթերք օգտագործելը:

« Այսօր մեր երկրում կենսաապահովման և նվազագույն զամբյուղների գինը չի համապատասխանում, և այս տեսակի սննդամթերքի տարածումը խոցելի խավի համար դառնալու է մի նոր պատմություն»,- ասաց նա:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը ի պատասխան կոչ արեց, որ ազգաբնակչությունն ինչքան հնարավոր է տեղական ծագման սննդամթերք օգտագործի:

« Ինքնարժեքով գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը, իհարկե, էժան կլինի, որովհետև բերքատվությունը բարձր է, բայց ես կոչ կանեի, որ մեր կանայք մտածեն ազգի ֆիզիկական ավելացման մասին, աճի մասին, իսկ սննդամթերքի տեսանկյունից` ՀՀ-ում որևէ վտանգ չկա այս պահին` կապված սովի հետ: Գուցե սպառողական զամբյուղի հետ կապված կա, բայց անապահով խավն էլ պիտի մաքուր սնունդ օգտագործի, բնականաբար»,- ասաց Հարությունյանը:

Լուիզա Սարգսյանն արձագանքեց, որ բավարար սննդամթերք Հայաստանում կա, սակայն մարդիկ այն գնելու հնարավորություն չունեն, գնաճն էլ մի կողմից է դրան նպաստել: Ստացվում է՝ էկոմթերքով սնվելու են միայն հարուստների երեխաները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ