08  11  2017

Ո՞րն է կառավարության տրամաբանությունը գյուղատնտեսության ոլորտում



Երևանում մեկնարկել է «Հայագրոֆորում» համաժողովը, որին ներկա է գտնվել վարչապետ Կարեն Կարապետյանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որն ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրոտնտեսական կայունությանը:

«Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ արդիական տեխնոլոգիաների ներդրման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ներմուծման փոխարինման, արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնման և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով: Հատուկ ուշադրության կենտրոնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը: Օբյեկտիվորեն գնահատելով այսօրվա մեր իրավիճակը՝ պետք է փաստենք, որ գյուղատնտեսության զարգացման ճանապարհին ունենք նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք՝ ոռոգման ջրի կայուն մատակարարումը, զոնինգը, չմշակվող հողերը, արտադրողականության և արդյունավետության պակասը և այլն: Խնդիրների լուծումը յուրաքանչյուրիցս պահանջում է հետևողական աշխատանք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ կառավարության այսօրվա ջանքերն ուղղված են ոլորտում ստեղծելու ամուր նախադրյալներ և նոր հնարավորություններ՝ մրցունակ, շահութաբեր, կայուն զարգացող և ինդուստրիալ գյուղատնտեսության զարգացման համար: 

Գյուղատնտեսության աշխատողի օպվա կապակցությամբ, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում ունեցած հաջողությունների համար Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալգրերով է պարգևոտրել մի շարք տնտեսվարողների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ