14  09  2017

Ինչո՞ւ Հայաստանում գյուղատնտեսությունը չի զարգանում



Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին:

Համաձայն կառավարության, ներկայում գյուղատնտեսության զարգացմանը խոչ­ընդոտում են մի շարք գործոններ, որոնցից կարելի է առանձնացնել գյուղա­տնտե­սության վարման բարձր ռիսկայնությունը, գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և հողաբաժինների մասնատվածությունը, խոշոր ապրանքային տնտեսու­թյունների ցածր տեսակարար կշիռը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համատեղ գործունեության ոչ բավարար ընթացքը, արտադրա­­կան և շուկայա­կան (ֆինանսական) ենթա­կա­ռուց­վածքների թեր­զար­գացվածու­թյունը: Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսության առջև ծառացած խնդիր­­ներից է նաև տնտեսավարողների վարկա­վորման մատչելիու­թյան ցածր մակար­դակը:

Առևտրային բանկերի կողմից հիմնականում տրամադրվող վարկերի բարձր տոկո­սա­դրույքների պատճառով դրանք գրեթե անմատչելի են արտադրա­տեխ­նի­կա­կան բարդ պայմաններ և իրացման դժվարություններ ունեցող բազ­մաթիվ տնտեսա­վարող­ների համար, ուստի պետական հովանավորչական քաղաքականության իրակա­նացումն անհրա­ժեշ­տ պայման է հանդիսանում գյու­ղատնտեսությունում տնտեսավարող­ների կարո­ղու­թյունների հզորացման, արտադ­րության ծավալների ընդլայնման և գյուղա­տնտեսական արտադրության մրցունակության բարձրացման համար։ Դրա հետ մեկտեղ կարևորագույն խնդիր է վարկերի նպատակայնության մակարդակի բարձրացումը, վարկերի գումարի և վարկա­վորման ժամկետների ավելացման միջոցով դրանց նպատակա­ուղղումը տնտեսու­թյունների խոշորացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդր­մանը և տնտեսավարողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը:

Գյուղա­տնտեսության առջև ծառացած խնդիր­ների լուծ­ման արդյունավետ միջոցներից է գյուղատնտեսությունում տնտեսավարողների վարկավոր­ման մատչելիու­թյան բարձրացումը և վարկավորման պայմանների բարելավումը: Վերջինս հնարա­վորություն կըն­ձեռի ընդլայնել գյուղա­ցիա­կան տնտեսությունների կարողությունները, բարձրացնել ոլորտի մրցու­նակությունը, նպաս­տել գյուղական հա­մայնքների ամրապնդ­մանը, բարելավել գյուղա­կան բնակչության կենսապայ­մաններն ու կյանքի որակը, բարձ­րացնել երկրի պարե­նային անվտան­գու­թյան մակարդակը:

Գյուղատնտեսական մթերքների արտադրության, մթերման, վերամշակման և հաջորդ տարվա գյուղատնտեսական աշխա­տանքների նախապատ­րաստման, արտադրա­կան կարողությունների ընդլայնման, նոր արդիական տեխնոլոգիաների կիրառման հա­մար գյուղա­տնտե­սու­թյունում տնտեսավարողնե­րին խիստ անհրաժեշտ է ունենալ բավարար հիմնական և շրջա­նառու միջոցներ, որի կարևորագույն աղբյուրներից մեկը կարող է հանդիսանալ նաև տոկո­սադրույքների սուբսիդա­վորմամբ մատչելի նպատակային վարկերի տրամադրումը:

Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների մասնակի սուբսիդա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջո­ցով նպաստել տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլո­գիա­ների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության բոլոր համայնք­ներում գործունեություն ծավալելու նպատակով:

Ծրագիրն իրականացվելու է սկսած 2017 թվականի երրորդ եռամսյակից և շարունակվելու է մինչև 2021 թիվը:

Ծրագրի մասնակիցներն են գյուղա­տնտե­սական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրա­վաբանական անձինք, առևտրային բանկերը կամ վարկային կազ­մա­կերպություները, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինան­սա­վորման կառույցը, գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության զար­գացման հիմնա­դրամը:

Վարկերը տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության դրամով. առավելագույնը 14 % անվանական տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն)՝ 3-10 մլն դրամ գումարի սահմաններում: Վարկերը կարող են տրամադրվել առանձին փուլերով:

Վարկավորման ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի, ելնելով ներդրումների ուղղվածությունից (ներդրումների կառուցվածքում շրջանառու միջոցների տեսակարար կշիռը 30 % -ից ավելին կազմելու դեպքում վարկավորումը կիրականացվի մինչև 2 տարի ժամկետով, իսկ հիմնական միջոցների 70 % և ավելին կազմելու դեպքում վարկավորումը կիրականացվի մինչև 5 տարի ժամկետով):

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտե­սա­վարողներին տրամադրվեն 3 % տոկոսադրույքով, իսկ հանրապետության մնացած հա­մայնք­ների համար սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրա­մադրվեն 5 % տոկոսադրույքով:

Ինչպես տոկոսադրույքի, այնպես էլ մայր գումարի համար ֆինանսական կառույցի կողմից կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առավելագույնը 12 ամիս:

Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահ­մանվում:

ֆինանսական կառույցի համար սուբսիդավորվող վարկերի տրամադրման հայտի ընդունման, քննարկման և վարկի տրամադրման նախապայման է համարվում Հիմնա­դրա­մի կողմից ուսուցման արդյունքում տնտե­սավարողներին տրամադրված հավաստագիրը:

Տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն:

2017 թվականին Ծրագրի իրականացման համար վարկերի տոկոսա­դրույք­ների սուբսիդա­վորվող գումարի հաստատված չափը կազմում է 1163.0 մլն դրամ, 2018-2020 թվականներին` յուրաքանչյուր տարի 2030.8 մլն դրամ, որը տրամա­դրվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Ծրագրի պայմաններով նախատեսվում է 2017 թվականի երկրորդ կիսամյակում տրամադրել 7.5 մլրդ դրամի վարկեր: Մայր գումարի չափը 2018-2020 թվականներին տարեկան միջին հաշվով կկազմի 9632.4 մլն դրամ: Մայր գումարի, սուբսիդավորվող տոկոսադրույքի գումարի հաշվարկի արդյունքները ներկայացված են աղյուսակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ