11  01  2017

Հրթիռներ ու ցանցեր՝ կարկուտի դեմ

Հրթիռներ ու ցանցեր՝ կարկուտի դեմ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ  նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել է խորհրդակցություն՝ բնակլիմայական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների կանխարգելման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա քայլերը քննարկելու նպատակով: 

«Մեր երկրում գյուղատնտեսությունը ամեն տարի մեծ վնասներ է կրում կարկտահարության պատճառով, և այժմ օրախնդիր հարցերից է դրա դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների կիրառումը: Այդ նպատակով նախարարությունը մշակել է բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգի նախագիծ, և այս հանդիպման ընթացքում մենք ցանկանում ենք լսել ձեր նկատառումները, համատեղ քննարկել ու լուծման ուղիներ գտնել առկա խնդիրների ուղղությամբ»,- ասել է նախարար Առաքելյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներն ընդգծել են, որ պայքարի մեկ եղանակի ընտրությունը, մասնավորապես հանրապետության ամբողջ տարածքը հակակարտային կայանների ցանցով ծածկելը նպատակահարմար չէ և չի կարող բավարար արդյունավետություն ապահովել`առաջարկելով ըստ գոտիականության տեղադրել նաև հրթիռային կայաններ,  իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել:

Խորհրդակցության ընթացքում կարևորվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ դոտացիոն ֆոնդի հաշվին հակակարտային կայանների կենտրոնացված սպասարկման անհրաժեշտությունը, համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող կայանների տեղադրումը լիազոր մարմնի հետ պարտադիր կերպով համաձայնեցնելը, գործող ցանցի տեխնիկական վերազինումը և այլն:

Քննարկումների արդյունքում որոշվել է ուսումնասիրել կարկտահարության դեմ պայքարի հրթիռային կայանների կիրառման միջազգային առաջավոր փորձը, Հայաստանում դրա ներդրման և տեղում արտադրություն կազմակերպելու հնարավորությունները, քարտեզագրել հանրապետության պահպանության տարածքները` ըստ տվյալ տարածքի համար առավել նպատակահարմար հակակարկտային եղանակների կիրառմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ