12 12 2019

ՀՀ հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում

ՀՀ հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում

Կոլումբիայում դեկտեմբերի 9-14-ը ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանին որոշում կայացվեց Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Մինչ այդ, հայտը փորձագիտական քննություն էր անցել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կողմից դրական գնահատականի արժանացել։

Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր մարմիններից է: Այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, կազմված է 24 անդամ պետություններից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը: Հայաստանը Կոմիտեի անդամ է ընտրվել 2016-2020 թթ. ժամանակահատվածի համար:

Նստաշրջանին մասնակցում են աշխարհի 137 երկրների 752 ներկայացուցիչներ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Կոլումբիա է մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ք. Տեր-Ստեփանյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։

Նստաշրջանի օրակարգի կարևորագույն հարցերից են տարբեր երկրների կողմից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել է 54 հայտ, որից 6-ը՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 42-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 3-ը` ժառանգության պաշտպանության լավ փորձի գրանցամատյանի առաջարկներ և 3 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) և «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.) տարրերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ