25 04 2019

Արմեն Սարգսյանն ազդարարել է նոր ծրագրի մասին



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է մայրաքաղաքում գտնվող Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան։

Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը, որոնք քաջածանոթ են 20-րդ դարի այդ երկու մեծահամբավ արվեստագետների գործերին, տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել ցուցադրություններին, շենքային պայմաններին և դրանց հետ կապված խնդիրներին:

Շրջայցից հետո Հանրապետության նախագահը ներկայացրել է թանգարանի հետ կապված իր ծրագիրը. «Ցանկություն ունեմ Հանրապետության նախագահի նստավայրում ցուցահանդես կազմակերպել, որտեղ կներկայացվեն չորս արվեստագետներ՝ Արա Սարգսյանը, Հակոբ Կոջոյանը, Ռաֆայել Իսրայելյանը և Արա Հարությունյանը: Գաղափարը հետևյալն է՝ կրկին հիշել մեր մեծ արվեստագետներին, որոնք հսկայական հետք են թողել, և որոնց ստեղծագործությունները մեծ արժեք են ներկայացնում»:

Նշելով, որ նման միջոցառումները նախ և առաջ պետք է ծառայեն հանրությանը, ինչպես նաև ոգևորեն երիտասարդ արվեստագետներին, որոնք նույնպես կարող են ցուցադրվել նախագահականի սրահներում՝ Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ նախագահական նստավայրում նմանօրինակ մշակութային միջոցառումների սկիզբը դրվել է մեծանուն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել սեփական պատմության ու արվեստի հանդեպ: «Եթե պատմությունը մոռանանք, և թվա, թե կյանքը միայն այսօր է ստեղծվել, այսօրվա նկարիչներն են աշխարհում ամենալավը, երբեք լավ նկարչություն կամ արվեստ չենք ունենա»,- նշել է նախագահ Սարգսյանը: Նրա համոզմամբ, Հանրապետության նախագահի նստավայրում նմանօրինակ ցուցադրությունների կազմակերպումը կարող է նպաստել թանգարաններ, ցուցահանդեսներ և ընդհանրապես մշակութային օջախներ մարդկանց հոսքի ավելացմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ