12  03  2019

25 տարի նկուղում մնալուց հետո հայկական կինոժառանգությունը կվերադարձնեն

25 տարի նկուղում մնալուց հետո հայկական կինոժառանգությունը կվերադարձնեն

Ֆրանսահայ մշակութային միությունը (UCFAF) ցանկություն է հայտնել Հայաստանին վերադարձնել 40 տարի առաջ` Խորհրդային Հայաստանից ստացած թվով 64 գեղարվեստական, վավերագրական, լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմերի պոզիտիվ ժապավենները։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը տեղեկացնում է, որ Ֆրանսահայ մշակութային միությունը դեռեւս 2016 թվականի դեկտեմբերին, սույն հարցով դիմել էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը՝ ճշտելու համար, թե անհարաժե՞շտ են այդ ֆիլմերը Հայաստանին։ Մշակույթի նախարարությունն էլ իր հերթին այդ մասին գրություն էր ուղղել Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որն էլ սկսեց զբաղվել հիշյալ հարցով: Ազգային կինոկենտրոնը կապ հաստատեց Ֆրանսիահայ մշակութային միության նախագահ Էդմոն Յանիկյանի հետ եւ պարզեց, որ այդ ֆիլմերը տարիներ շարունակ ցուցադրվել են ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ հայկական համայնքի համար: Վերջին անգամ դրանք օգտագործվել են  25 տարի առաջ եւ այժմ պահեստավորված են միության նկուղային հարկում։

 2017թ-ի հունվարից այս ֆիլմերի վերադարձը կազմակերպելու նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսեց բանակցել ՀՀ-ում Ֆրանսիայի UNESCO-ի ներկայացուցիչ Վահե Վահրամյանի հետ, որի հավաստմամբ այն ժամանակ դեսպանությունը չուներ բավականաչափ միջոցներ ամբողջ հավաքածուն Հայաստան տեղափոխելու համար: Հետեւաբար, այդ ահռելի կինոժառանգությունից 2017թ․ մարտի 9-ին Հայաստան բերվեց ընդամենը 6 ֆիլմ․կինոնկարներից երկուսը՝ «Կարինեն» եւ «Տղամարդիկը» նշված էին որպես ֆրանսերեն ենթագրերով ֆիլմեր եւ մյուս չորսն էլ ՝ («Լեռնային լճի գաղտնիքը», «Յոթ երգ», «Անահիտ», «Մի կաթիլ մեղր») պոզիտիվ կինոժապավեններ էին։

Ֆիլմերը սեւ/սպիտակ եւ գունավոր են, մեծ մասամբ հայերեն լեզվով, դրանցից մի քանիսը ֆրանսերեն ենթագրեր ունեն եւ հիմնականում 35 կամ 16մմ ժապավենային կրիչներով են։Դրանց մեջ կան նաեւ մի շարք փաստագրական ֆիլմեր, որոնքժամանակի ընթացքում վերածվում են արխիվի եւ հենց դրանով է, որ դառնում են իսկական գանձ շահագործման համար:

Ֆիլմացանկի ուսումնասիրությունից պարզվել է , որ այնտեղ են նաեւ մեր ազգային կինոժառանգության լավագույն նմուշները․ օրինակ՝ խաղարկային լիամետրաժ ֆիլմերից՝ «Քաոսը», «Կամոն», «Ժայռը», «Մսյո Ժակը եւ ուրիշները», «Բարեւ, ես եմ»-ը, հայ մեծերին նվիրված կարճամետրաժ կինոֆիլմեր, այդ թվում՝ «Մեսրոպ Մաշտոց», «Հրաչյա Ներսեսյան», «Ավետիք Իսահակյան», «Մարտիրոս Սարյան», ինչպես նաեւ երաժշտական ֆիլմեր՝ «Գոհար Գասպարյան», «Կարինե», անիմացիոն՝ «Արեւի հարսնացուն», «Մի կաթիլ մեղրը» եւ այլն:

2018 թվականին հայկական կինոյի հարուստ ժառանգությունը՝ կինոֆոնդը, հանձնվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որից հետո անիջապես սկսվեցին հայկական կինոժառանգության թվայնացման աշխատանքները։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ Լեհական «Ֆիքսաֆիլմ» թվայնացման եւ վերականգնման ստուդիան համատեղ սկսեցին հայկական ֆիլմերի վերականգնման եւ թվայնացման աշխատանքները։ Առաջինը վերականգնվեց Ս․Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 10-րոպեանոց ֆիլմը, որն արդեն ցուցադրվել է միջազգային հայտնի կինոփառատոներում, կինոդպրոցներում, թանգարաններում։

Այս պահին արդեն սկսվել են «Համո Բեկնազարյան» նախագծի աշխատանքները, որի շրջանակում վերականգնվելու են Բեկնազարյանի 10 ֆիլմերը։ Նախագծի առաջին վերականգնվող ֆիլմը «Պեպոն» է։ Սովորաբար, թվայնացման գործընթացը սկսելու համար որպես կանոն հավաքվում են ֆիլմերի տաբեր տարիներին տպված բոլոր պահպանված պատճենները։ Ու հենց այս պահին, երբ հայտնաբերվեց, որ Ֆրանսիահայ մշակութային միությունը (UCFAF) առաջարկում է «Պեպո» ֆիլմից 2 օրինակ՝ ուղղակի անգնահատելի է:

Ազգային կինոկենտրոնի պատասխանատուները, օրերս, կրկին կապվեցին Էդմոն Յանիկյանի հետ։ Վերջինս հաստատեց, որ ֆիլմերը դեռեւս գտնվում են իրենց ընկերության պահեստում։

Հ․Գ․Այս պահին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները փնտրում են տարբերակներ՝ ֆիլմերը Հայաստան տեղափոխելու համար։ Այդ նպատակով,  բանկացություններեր են  տարվում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ նրա ներկայացուցիչների հետ՝ կազմակերպելու տեղափոխման գործընթացը, որը կարելի է սկսել մի քանի փուլով՝ հաշվի առնելով նյութի ծավալները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ