02  10  2018

Շառլ Ազնավուրի մահը սգում է ամբողջ աշխարհը. մեջբերում գրառումներից

Շառլ Ազնավուրի մահը սգում է ամբողջ աշխարհը. մեջբերում գրառումներից

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցությունն են  հայտնել ինչպես հայազգի շատ գործիչներ, այնպես էլ աշխարհահռչակ  մշակութային և քաղաքական գործիչներ:

 

 Հայտնի երգչուհի Սելին Դիոնն իր էջում գրել է.

«Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս Շառլ Ազնավուրին՝ Հայաստանի զավակին, որը դարձավ ֆրանսերենով սիրային երգերի ամենահայտնի դեսպանը: Որպես արտիստ՝ մինչև վերջերս բեմն էր նրա տունը: Նրա ռոմանտիկ բալլադներն այնքան սերունդների համար են անբաժանելի մաս կազմում, որ նրա մահը սգում է ամբողջ աշխարհը: Մսյո Շառլ, դուք միշտ կմնաք «Ինձ համար հիասքանչ»: Սերս և ցավակցություններս ընտանիքին»:

Աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.  «Իմ սիրելի ուսուցիչ, մեզ մնացել է հավերժությունը, որպեսզի միասին երգենք, հանգչի՛ր խաղաղությամբ»

Իտալացի հանրահայտ երգիչ Անդրեա Բոչելլին նույն բեմում Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել  ու գրել. «Շառլ, Դուք միշտ զարմացրել եք մեզ Ձեր արվեստով ու փայլուն առոգանությամբ: Ընդամենը մի քանի օր առաջ՝ իմ ծննդյան օրը, Դուք ինձ ասացիք. «60 տարեկան, դու այնքան երիտասարդ ես, Անդրեա: Ես էլ եմ 60 տարեկան եղել, բայց դա 30, ավելի շուտ 34 տարի առաջ էր: Իրականում Դուք մեր բոլորի մեջ ամենաերիտասարդն էիք և, չնայած գրեթե մեկ դար ներառող կարիերային, Դուք միշտ պատրաստ էիք համերգ տալ ցանկացած վայրում ու ցանկացած պահի: Իմ սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ երբեք չի նվազի, իսկ Ձեր կիրքն աշխատանքի նկատմամբ միշտ օրինակ կլինի ինձ համար:

Եթե ցանկանում եք, որ հանդիսատեսը սիրի ձեզ, դուք պետք է սիրեք հանդիսատեսին: Ձեր խոսքերն են, որ միշտ կրկնում էիք, և, անկասկած, այս արվեստի մեջ Դուք անսահմանափակ սեր եք ներարկել»:

Ռուսաստանաբնակ հայտնի հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները գրել է.«Պետք չէ այս առիթով լացել, նա դա չէր ցանկանա, նա կյանքը դրական լույսի ներքո է ապրել: Նրան կարելի է միայն մեծ երախտագիտությամբ, ուրախությամբ հիշել, ծափահարել նրան, բայց ոչ մի դեպքում չարտասվել, քանի որ նա բնավ էլ այդպիսի մարդ չէր: Իհարկե, ցավալի է, երբ մարդը նման կյանք ապրելուց հետո այսպես հեռանում է: Բայց Ազնավուրին կարելի է նույնիսկ նախանձել, քանի որ նա ապրել է երկար, հրաշալի, հաջողակ կյանք ու սիրել է մինչև կյանքի վերջին օրը:  Նա ինձ մոտ հիշվեց ու կհիշվի ձայնով, երգելաոճով և այն կրքով, որով այդ ամենն անում էր: Նա արդեն 90-ն անց էր, բայց շարունակում էր երգել: Եվ միանգամայն ակնհայտ էր, որ դրանում է նրա կյանքի էությունը»:

ՌԴ էստրադային երգիչ Լև Լեշչենկոն գրել է.

«Շառլ Ազնավուրն իր ձայնով միավորում էր ամբողջ սերունդների, նա շանսոնի իրական առաջնորդ էր և նպաստեց այդ ժանրի զարգացմանը»:

Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը թվիթերյան իր էջում գրել է.

«Մեծն երգիչ և անզուգական պոետ, որը մեզ անգերազանցելի հարստության ժառանգություն է թողել: Բոլոր ֆրանսիացիները սգում են նրան»:

Ֆրանսահայ շանսոնյեի հետ  համատեղ  լուսանկար է հրապարակել Ժան-Կլոդ Վան Դամը, մեկնաբանելով  այն.

«Երկիր մոլորակի վրա անցկացրածս մինչև վերջին օրը կկարոտեմ քեզ: Քո երգերը հավերժական են: Իմ մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի ու սիրելիների հետ են»:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր էջում անդրադարձել է մեծն շանսոնյեի մահվանը, գրելով.

«Կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը՝ հանրահռչակ կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհի համար հանդիսանում է երկու մեծ մշակույթների՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի հոգին եւ ձայնը։ Նա շատ տարիներ հավաքել է լեցուն դահլիճներ մեր երկրում։ Խորին ցավակցություններս երգչի մերձավորներին, ինչպես նաեւ նրա բոլոր բազմաթիվ երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում»:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը՝ երգչուհի և մոդել Կառլա Բրունին նույնպես իրենց ցավակցություն են հայտնել.

«Մեծն Շառլը հեռացավ: Նրա հեռանալն ինձ անակնկալի բերեց և ցնցեց, քանի որ նրան անխոնջ և անմահ էի կարծում: Նա մեզ է թողնում իր բառերը, իր մեղեդիները, իր ձայնը`բացարձակ հանճար, ֆրանսիական երգի պոետ»,- գրել է Սարկոզին: «Ես կարծում էի՝ դու անմահ ես, Շառլ…»,- գրել է Կառլա Բրունին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ