21  08  2018

10 օրից Ֆրեզնոյում կբացվի Սարոյանի տուն-թանգարանը

10 օրից Ֆրեզնոյում կբացվի Սարոյանի տուն-թանգարանը

Օգոստոսի 31-ին՝ Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին, Ֆրեզնոյում կբացվի գրողի տուն-թանգարանը։ Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից:

Սարոյանի՝ Ֆրեզնոյի տունը 2014-ի մայիսին աճուրդի էր հանվել 110 000 դոլարով, այն գնել էին 162 000 դոլարով, գնորդն ամերիկացի էր: Սա մեծ աղմուկ էր բարձրացրել թե՛ հայկական համայնքում, թե՛ սոցիալական ցանցերում: Մեկ տարի անց՝ 2015-ին, պարզ դարձավ, որ Սարոյանի տունը գնել է Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը: 

Մշակույթի նախարարությունից այժմ տեղեկացնում են, որ նշանավոր գրողին լիարժեք ներկայացնելու համար «Սարոյան Հաուս» նախագիծը  ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել ու շարունակում է տարբեր միջոցներով ձեռք բերել  Սարոյանին առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ֆիլմեր, ձայնագրություններ: Ամբողջ նյութը թանգարանում ներկայացվելու է տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով: Սրահներից մեկում «ներկա» կլինի հենց գրողը՝  հոլոգրաֆիկ պատկերով: Հետագայում տուն-թանգարանը կդառնա նաև սարոյանագիտության կենտրոն:

Նորարարական բոլոր լուծումներով թանգարանը տարածաշրջանում առաջինն է, իսկ որպես Սարոյանի տուն-թանգարան՝ առաջինն աշխարհում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ