31 07 2018

«Հայֆիլմ»-ի իրավունքները փոխանցվեցին Ազգային կինոկենտրոնին

«Հայֆիլմ»-ի իրավունքները փոխանցվեցին Ազգային կինոկենտրոնին

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2005թ-ին հայաստանցի կինոգործիչների, ոլորտի ներկայացուցիչների թողտվության կամ գուցե դյուրահավատ լինելու պատճառով կայացվեց հայկական կինոյի պատմության ամենախայտառակ որոշումներից մեկը. «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի ամբողջ գույքային ունեցվածքը, այդ թվում՝ ֆիլմերի օգտագործան հեղինակային իրավունքներն անցան «Արմենիա Ստուդիոս» ընկերությանը: Մասնավոր այդ ընկերությունը 10 տարի շարունակ իր ոչ մասնագիտական նախասիրություններով հայ կինոյի ժառանգության հետ վարվեց այնպես, ինչպես ուզեց ու որքան կարողացավ: 2015թ-ին պայմանագրի լուծարումից հետո ՀՀ կառավարության որոշումով հայկական կինոյի ժառանգությունը վերադարձվեց իրավատիրոջը՝ ՀՀ մշակույթի նախարարությանը: 

ՀՀ մշակույթի նախարարությունն էլ իր հերթին կայացրեց մեկ այլ տարօրինակ որոշում և հայկական կինոյի ժառանգության վերարտադրման, տարածման, վարձույթի, փոխատվության, թարգմանության, հրապարակային ցուցադրման, հանրության հաղորդման, հեռարձակման և վերահեռարձակման իրավունքները հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության վերահսկողությունից դուրս գտնվող՝ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ին: Այդ կառույցն էլ անհասկանալի սառնասրտությամբ իրացրեց պայմանագրով իրեն տրված իրավունքները:

Հայ կինոյի ժառանգությունը որբի գլուխ էր դարձել, որ ամեն ոք ուզածի պես ու իր ճաշակով խուզում էր: Իսկ հիմա սպասված ուրախալի լուրի մասին՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հետ պայմանագրի գործողությունը համարվել է ավարտված և Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Հայֆիլմ կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին: Շնորհավո՜ր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ