25  07  2018

Հայաստանը և Ռուսաստանը կարող են կինոյի համատեղ ֆոնդ ստեղծել

Հայաստանը և Ռուսաստանը կարող են կինոյի համատեղ ֆոնդ ստեղծել

Ռուսաստանն ու Հայաստանը կարող են Կինոյի ֆոնդ ստեղծել՝ համատեղ կինոծրագրերին աջակցելու համար: Այս մասին հաղորդել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք համատեղ կինոծրագրեր ունենք, մի քանի տարի առաջ դուրս եկավ «Երկրաշարժ» ֆիլմը, այս տարի՝ «Սպիտակը», որը «Արծաթյա Գեորգի» մրցանակ ստացավ լավագույն ռեժիսուրայի համար»,- ասել է Վլադիմիր Մեդինսկին՝ ընդգծելով, որ երկու երկրները բավականին շատ հետաքրքիր ընդհանուր թեմաներ ունեն, որոնք կարող են հիմք հանդիսանալ այս կամ այն կինոժապավենի համար:

Ռուս նախարարի խոսքով՝ ընդհանուր կապիտալով ֆոնդը կարող է պատվիրատու լինել ինչպես արտադրության, այնպես էլ համատեղ կինոնկարների առաջխաղացման համար, իսկ հաստատության մեխանիզմը «կարող է շատ հեշտ լինել», «առանց բյուրոկրատական հավելումների»: 

«Դա կարող է լինել ինչ-որ իրավաբանական անձ, որը ղեկավար ունի հայկական և ռուսական կողմից, նաև փորձագետների խորհուրդ, որը որոշում է, թե որ ծրագրերին աջակցել: Դրանք կարող են լինել ինչպես սոցիալական, այնպես էլ կոմերցիոն կինոնկարներ»,- նշել է Մեդինսկին:

Նա նշել է, որ ֆոնդը կոմերցիոն կինոնկարների համար կարող է գումար հատկացնել, օրինակ, վերադարձի պայմանով: Նաև, ՌԴ մշակույթի նախարարի խոսքով, կարելի է դիտարկել մասնավոր-պետական կազմակերպության ստեղծումը: «Մենք կարող ենք ոչ միայն գրավել Ռուսաստանի և Հայաստանի հանդիսատեսի լսարանին, այլև միավորել մեր կինոնկարներն արտասահմանում առաջ տանելու ջանքերը, քանի որ ռուսական և հայկական սփյուռքն աշխարհում բավականին մեծ է»,- ընդգծել է նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ