17 07 2018

Արամ Մանուկյանի արձանը բացվեց, նախարարությունը «փաստի առաջ» կանգնեց

Արամ Մանուկյանի արձանը բացվեց, նախարարությունը «փաստի առաջ» կանգնեց

Հուլիսի 17-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացման պաշտոնական արարողությունը: Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Բացման պաշտոնական արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս Արամ Մանուկյանի գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ: Նա մարդ չէր, որ ծնվեց ու մահացավ, այլ նա անձ էր, ով ծնվեց իրականացնելու մի մեծ առաքելություն, ի վերջո, իրագործեց այդ առաքելություն: Մեծագույն առաքելություն է գտնել հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ, երբ թվում է, թե թևերդ թուլացած են, երբ թվում է՝ ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է»:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը «Հեղափոխություն մշակույթո՞վ, թե՞առանց մշակույթի» թեմայով քննարկման ժամանակ հայտնել է, որ Մշակույթի նախարարությունը փաստի առաջ է կանգնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հետ կապված։

«Նախորդ կառավարությունից մեծ ժառանգություն ունենք։ Մենք փաստի առաջ են կանգնել, քանի որ արձանի տեղադրումը մշակույթի նախարարության կարծիքի բացակայության պայմաններում է տեղի ունեցել: Գուցե պատճառն այն է եղել, որ այն նախատեսված է եղել տեղադրել պատմամշակութային հուշարձանի պահպանության գոտում, և իրենք նախապես իմացել են, որ մշակույթի նախարարությունը չի տա դրական եզրակացություն: Մենք այլընտրանքային առաջարկներ ենք ներկայացնելու քաղաքապետարանին, թե որտեղ կարող է տեղադրված լինել արձանը»,- նշել է Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք, որ մենք փորձել էինք Քաղաքաշինության կոմիտեից պարզել՝ ինչ եղավ իրենց տարածած հայտարարություններից հետո: Քաղաշինության կոմիտեից մեզ ասացին, որ մամուլն է սխալ հասկացել և տարածել իրենց հայտարարությունը՝ իրենք արձանի տեղադրման աշխատանքները դադարեցնելու գործառույթ չունեն: Ստացել են հասարակության մտահոգություններն ու արձագանքները, բարձրաձայնել դրանք և նույն ահազանգող քաղաքացիներին քննարկումներ ծավալելու կոչ արել: Ասել է, թե առանձին-առանձին խնդրի մասին խոսելու փոխարեն, հավաքվեք իրար հետ քննարկեք: Եվ փաստացի մարդիկ հավաքվել են և քննարկել, միայն թե ոչ թե այս կամ այն հարթակներում, այլ սոցցանցերում: Իսկ թե ինչ է եղել հետո, մեզ հորդորեցին դիմել այլ պատկան մարմինների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ