25 05 2018

Իրականում «Շարմ»-ը Հանրայինի հետ ամենափոքր համագործակցության ծավալն ունի. Ռուբեն Ջաղինյան

Իրականում «Շարմ»-ը Հանրայինի հետ ամենափոքր համագործակցության ծավալն ունի. Ռուբեն Ջաղինյան

Վերջին օրերին հանրության շրջանում լայն քննադատություններ են հնչում Հանրային հեռուստաընկերության հասցեին: Նշվում է տարբեր չարաշահումների և կոռուպցիոն դեպքերի մասին, առաջ է քաշվում նաև Հանրային հեռուստաընկերության Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հրաժարականի պահանջը: Այս հարցերի մասին Ռուբեն Ջաղինյանը հարցազրույց է տվել Մեդիամաքս-ին:

Նա նշել է, որ շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է, բայց այդպես է ոչ միայն վերջին օրերին, այլև եղել է միշտ: Նրա խոսքով՝

Հանրայինը վերջին տարիներին անցել է բոլոր հնարավոր ստուգումները, ըստ այդմ, կոռեկտ չի լինի մեկնաբանել իմ հրաժարականի պահանջի օբյեկտիվ լինել-չլինելը: Բայց եթե որպես հիմք ընդունում եք վերջին օրերի այսպես կոչված «բացահայտումները», ապա դրանք իրականության հետ կապ չունեն: Անդրադառնալով «Շարմ» ընկերությանը տված նախապատվությանը՝ նա ասել է.

«Իրականում «Շարմ»-ը Հանրայինի հետ ամենափոքր համագործակցության ծավալն ունի: Այլ գործընկեր կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ ինչ-որ ժամանակ առնչություն ունեցել ինձ հետ, բայց նրանք առաջին հերթին առնչություն ունեն հեռուստակոնտենտի շուկայի հետ: Շուկայում որակյալ խաղացողները շատ չեն։ Հնարավոր է, ոմանք դժգոհ են, որ իրենց հետ համագործակցությունը դադարեցվել է, բայց դա ընդամենը աշխատանքային հարաբերություններ են, որոնք, ի դեպ, կարգավորվել են օրենքի տառին համապատասխան եւ ոչ թե անձնական շահագրգռվածությամբ: Ցավում եմ, որ որոշ մարդկանց կամ կազմակերպությունների համար դա դարձել է վրեժխնդրության առարկա»:

Նշենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ հրապարակումները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ