15  12  2017

Իմ հաղթանակը ծանր կացության մեջ կդնի նոր սերնդին. Տիգրան մանսուրյանը՝ «Գրեմմի» մրցանակաբաշխության մասին

Իմ հաղթանակը ծանր կացության մեջ կդնի նոր սերնդին. Տիգրան մանսուրյանը՝ «Գրեմմի» մրցանակաբաշխության մասին

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացված լինելու առթիվ դեկտեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն:

«Մեր խոնարհումն ու հարգանքն ենք փոխանցում մեր սիրելի երկու մաեստրոներին: Այս մարդիկ ճակատագրի բերումով ծնվել են արտերկրում, սակայն հոգու կանչով և գիտակցությամբ վերադարձել են հայրենիք և զբաղվում են իրենց սիրելի գործով, ստեղծում են երաժշտության հրաշքները: Աստված մեր երկու մաեստրոներին տվել է արվեստի շնորհը: Աստված մարդկանց արվեստի չափաբաժինը շատ տարբեր է բաշխում, դրա համար մի մասը հանդիսատես են, մյուս մասն էլ արվեստագետներ»,- ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Մրցանակն առաջադրվեց այն օրը, երբ Դմիտրի Խվորոստովսկուն հողին հանձնեցին Մոսկվայում: Ցավալի է: Խվորոստովսկին երազում էր ձայնագրել այս գործը նվագախմբի հետ: Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք հասցնել այն ավարտին ու ներկայացնել ողջ աշխարհում»,- ասաց Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:

Տիգրան Մանսուրյանն էլ նշանակալի համարեց, որ «Գրեմմի»-ի են ներկայացվել միաժամանակ երկու՝ տարբեր ստեղծագործական ճանապարհ ունեցող  հայ երաժիշտներ: «Ես իմ գործը նվիրել եմ Եղեռնի զոհերի հիշատակին, որոնց մեջ նաև իմ ընտանիքի անդամներն են եղել: Սա մեր ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է: Մրցանակին սպասող ինձ նման 4 մարդ ունեմ կողքիս, և  Օրբելյանն, անշուշտ, նրանց շարքում է»,- ասաց Մանսուրյանը:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մրցանակը ստանալ-չստանալու հավանականությանը, Մանսուրյանն ասաց. «Գիտեք ինչ՝ կյանքն այնպիսի բան է, լինում է, որ ստացվում է, լինում է՝ չի ստացվում։ Պետք է երկու ուղղությամբ էլ լինել սթափ և հանդուրժող: Գերադասելին, իհարկե, ստանալն է: Ճիշտն ասած՝ բացարձակ չեմ ուզում ո՛չ սպասել, ո՛չ հուսալ: Ես տարեց մարդ եմ արդեն, սրանք երիտասարդության տարիքի անսպասելի մեծ ուրախություններ են, իմ տարիքի համար էլ, բայց ոչ այնպես, ինչպես դա կլիներ, եթե երիտասարդ լինեի: Եթե ես հաղթեի հիմա, ես գիտեմ, որ մեր նոր սերնդին ծանր կացության մեջ եմ դնում, իրենք պիտի աշխատեն՝ իրենք էլ հասնեն, որովհետև արդեն դա նվաճված է, պետք է չափվեն այդ բարձր ձեռքբերմամբ»:

Հիշեցնենք, որ Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Իսկ Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ