22  11  2017

«Կարոտի կանչով հերոսներիս հետ». համերգ՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին

«Կարոտի կանչով հերոսներիս հետ». համերգ՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին

«Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում նոյեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա արցախյան պատերազմի զոհերին և նրանց ծնողներին նվիրված  «Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով համերգ: ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ համերգի մանրամասների մասին պատմեցին  ամերիկաբնակ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ»  և «Տարոն» աշուղական երգչախմբերի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանը և Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախաձեռնության հեղինակ Գևորգ Չաքմանյանը նշեց, որ դեռևս Լոս Անջելեսում է որոշում կայացրել Արցախյան հերոսամարտում և Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված համերգ կազմակերպել: «Եղբայրս ևս զոհվել է Արցախյան պատերազմում, և այդ կորուստի ցավը ապրել, զգացել է նաև իմ ընտանիքը: Ես լավ եմ հասկանում, որ դժվար է նման ցավը սփոփել, սակայն այս համերգը լինելու է հերոսների մեծարման և հաղթանակի երեկո, որին ներկա են լինելու նախևառաջ հերոս հայորդիների ծնողները: Իհարկե, մտավախություն ունեի, որ թերևս նրանք չեն ցանկանա համերգին մասնակցել, սակայն շատ ոգեշնչվեցի, երբ խոսեցի զավակ կորցրած շատ ծնողների հետ և հասկացա, որ նրանք պատրաստ են անպայման ներկա լինել համերգին»,-նշեց արվեստագետը: Նա ընդգծեց, որ համերգին ներկա գտնվելու ցանկություն են հայտնել նաև Հայաստանի հեռավոր մարզերի բնակիչներ:

 «Ես հպարտ եմ, որ այս համերգի շնորհիվ կկարողանանք որդեկորույս ծնողներին գոնե երկու ժամով կտրել առօրյա հոգսերից, մտորումներից, և ազգագարական երգի միջոցով ուժ հաղորդել նրանց: Համերգի հանդեպ առաջացած հետաքրքրությունը վկայում է, որ այն պետք է դառնա ավանդական ու ամենամյա բնույթ կրի»,- ընդգծեց Գևորգ Չաքմանյանը: 

Համերգին Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի նվագակցությամբ ելույթ կունենան նաև Գևորգ Չաքմանյանի որդին՝ Ասատուր Չաքմանյանը, ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը,  ասմունքող Արսեն Ղազարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ