12  09  2017

5 ամսով բացված ցուցահանդեսը գործեց ընդամենը 22 օր

5 ամսով բացված ցուցահանդեսը գործեց ընդամենը 22 օր

Օգոստոսի 4-ին Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի մուտքի բացօթյա հատվածում օգոստոսի 4-ին բացվել էր ցուցահանդես՝ «Խավարում» խորագրով»: Այն նվիրված էր խորհրդային բռնատիրության զոհերին։ Նրանց թվում էին նաև Հովհաննես Թումանյանի երեք որդիները:

Չնայած ցուցահանդեսը նախատեսված էր մինչ տարեվերջ, մշակույթի նախարարությունը, սակայն, ցուցադրությունից 22 օր անց՝ օգոստոսի 26-ին, անսպասելիորեն փակել է:

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե այն քաղաքականացված էր. «Մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, այն մի փոքր քաղաքականացված էր: Երևի պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Որոշ շտկումներից հետո այն կվերաբացվի»:

Մինչ նախարարությունը շտկումներ կանի և կվերաբացի ցուցահանդեսը, դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել «Ելք» դաշինքը:

Հայտարարության մեջ ասվում է. «ԵԼՔ» դաշինքը խստորեն դատապարտում է ցուցահանդեսի արգելումը: Սա մշակութային գրաքննության նենգ դրսևորում է, որը պայմանավորված է քաղաքական նկատառումներով և սեփական պատմությանը առերեսվել չկարողանալու խիստ սահմանափակ մտածողությամբ:

Մենք դատապարտում ենք մշակույթի նախարարության այսօրինակ քաղաքականությունը, որը միանգամայն հարիր է խորհրդային տոտալիտար համակարգի գործելաոճին և կարող է դառնալ չափազանց վտանգավոր նախադեպ:

«ԵԼՔ» դաշինքը պահանջում է ցուցահանդեսի վերաբացում՝ առանց որևէ գրաքննության: Մշակույթի նախարարությանը կոչ է անում իր վրա չվերցնել մշակութային ոստիկանության գործառույթներ, ինչպես նաև՝ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրում է Նարինե Թուխիկյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու խնդրի վրա»:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը հանդես էր եկել Երևանի՝ խորհրդային շրջանի մի շարք գործիչների անուններով փողոցներն անվանափոխելու առաջարկով: Երևանի քաղաքապետարանը դեմ էր արտահայտվել առաջարկին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ