10  08  2017

Հանրապետության հնագիտական հուշարձանների զգալի մասը վտանգված է

Հանրապետության հնագիտական հուշարձանների զգալի մասը վտանգված է

 ՀՀ կառավարությունը հավանություն տվեց հնագիտության զարգացմանը նպաստող միջոցառումների 2017-2025 թվականների ծրագրին և ժամանակացույցին:

Ծրագրի նպատակն է ՀՀ տարածքում գտնվող հնագիտական ժառանգության պահպանությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, հանրահռչակմանը, ինչպես նաև երկրի կայուն զարգացման գործընթացներում հնագիտական ժառանգության` որպես տնտեսական ռեսուրսի դիտարկմանը նպաստելը: Ծրագրի նպատակն է նաև ստեղծել Հայաստանում ժամանակակից պահանջները բավարարող հնագիտական ժառանգության հետազոտությունների և հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, նպաստել միջազգային գիտական համագործակցության ընդլայնմանը, հնագիտական հուշարձանների տարածքների բարեկարգմանը, բացված կառույցների ամրակայման և վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումներով դրանք դարձնել զբոսաշրջության գրավիչ օբյեկտներ:

Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը կնպաստի հնագիտական վայրերի պահպանությանը, զարգացմանն ու հանրահռչակմանը, հանրապետությունում զբոսաշրջային երթուղիների մշակմանը, այդ երթուղիներում հնագիտական հուշարձանների ընդգրկմանը, Հայաստանի զբոսաշրջային ակտիվ սեզոնի երկարաձգմանը, զբոսաշրջային այցելությունների դինամիկ աճին, ներքին զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև մի շարք համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, բնակչության որոշակի հատվածի զբաղվածության ապահովմանը:

2010-2016 թթ. մշակույթի նախարարությանը կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման թույլտվություն ստանալու 360 հայտ, համապատասխանաբար` 2010 թ.` 36, 2011 թ.` 51, 2012 թ.` 60, 2013 թ.` 62, 2014 թ.` 66, 2015 թ.` 46, 2016 թ.` 39` հայտ:

2014-2015 թվականներին պեղումներ իրականացվեցին հրատապ ուսումնասիրման կարիք ունեցող, համապատասխանաբար, 5 և 4 հուշարձանում, ընդ որում 2014 թվականին պեղված հուշարձաններից 5-ում, իսկ 2015 թվականին` 3-ում կատարված աշխատանքներն արդեն իրականացվեցին որպես վերականգնման համար պարտդիր նախնական փուլ:

2009 թվականից ՀՀ պետական բյուջեում «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակներում, իրականացվում է նաև հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքներ: Պետական բյուջեի հատկացումներով պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրման, պեղման, նախագծման և վերականգնողական աշխատանքների առումով 2004-2017 թթ. իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր (Լոռի բերդ, Լճաշենի ամրոց, Շիրակամուտի 7-րդ դարի եկեղեցի, Դաշտադեմի ամրոց, Եղվարդի Սբ Աստվածածին, Չիչխանավանք, Քոբայրավանք, Բջնի, Թեժառույք, Տեղ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցի և այլն):

Ներկա աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական պայմաններում առաջացել են մարտահրավերներ` բնագավառի կայուն և բնականոն զարգացման համար: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ներկայում գլոբալ մարտահրավեր է մշակույթը որպես տնտեսական ռեսուրսի դիտարկման բացակայությունը կամ նվազ մակարդակը, համաշխարհային մշակութային ժառանգության բազմազան և հարուստ շտեմարանում հայկական մշակույթի ներկայացվածության պակասը, ինչի արդյունքում պատշաճ մակարդակի վրա չէ հայկական մշակույթի տեսանելիությունը:

Հայաստանի Հանրապետության հնագիտական հուշարձանների զգալի մասն այսօր վտանգված է բնածին գործոնների քայքայիչ ազդեցության, տարածքի խիտ բնակեցման, տնտեսական գործունեության, հողօգտագործման և բազմաթիվ այլ գործոնների հետևանքով: Մշակութային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տնտեսական կամ այլ բնույթի գործունեության հետևանքով վտանգված կամ անխուսափելի կործանման ենթակա հուշարձանների դաշտային հետազոտությունների իրականացումն է: ‎Վերջին տարիներին լուրջ խնդիր է հնագիտական հուշարձանների պահպանության բնագավառում արձանագրված իրավախախտումները` հատկապես գանձագողությունը:

Հայաստանում հնագետ մասնագետների անբավարար քանակը միշտ էլ օրակարգի հարց է եղել: Հնագիտության ոլորտը նոր կադրերով համալրելը ներկայիս անհետաձգելի հրամայականներից է: Հապաղելու դեպքում կուտակված գործնական գիտելիքներն ու հմտությունները երիտասարդ կադրերին փոխանցելը, բնականոն սերնդափոխության հարցերը մոտ ապագայում կվերածվեն դժվար լուծելի կամ անլուծելի խնդրի:

Այնուհետև նշվում է, թե ինչպիսի աշխատանքներ պետք է տարվեն, որ վայրերում և ինչ սկզբունքով են ընտրվել այդ վայրերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ