24 12 2019

Փորձարկվում է ֆուտբոլի կառավարման նոր մոդել․ Փաշինյանն ընդունել է Մելիքբեկյանին

Փորձարկվում է ֆուտբոլի կառավարման նոր մոդել․ Փաշինյանն ընդունել է Մելիքբեկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին:

Ողջունելով ՀՖՖ նախագահին՝ վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է.

«Հարգելի պարոն Մելիքբեկյան,

նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու առիթով: Հայաստանում և կառավարությունում շատ են ֆուտբոլի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները, և բնականաբար, մենք անտարբեր չենք այն պրոցեսների նկատմամբ, որ տեղի են ունենում ֆուտբոլում և Ֆուտբոլի ֆեդերացիայում: Ցանկանում եմ ասել, որ ֆուտբոլը մեզ համար երեք պատճառով և երեք ուղղությամբ շատ կարևոր է՝

առաջինը՝ ֆուտբոլի զարգացումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, որովհետև, կարծում եմ և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունում արտահայտված բովանդակային փոփոխություններն արտահայտություն կգտնեն նաև ֆուտբոլում, և ինչ-որ առումով մեր երկրում ֆուտբոլը և Ֆուտբոլի ազգային հավաքականն իր արդյունքներով կարտահայտի մեր ազգային և պետական հավակնությունները և համարժեք կլինի այդ հավակնություններին:

Երկրորդը՝ ես կարծում եմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ երեկ կայացած ընտրությունը կարևոր է, որովհետև կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում էական է սպորտի ապաքրեականացումը և սպորտի ախտազերծումը կոռուպցիայից: Ցավոք, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ քրեական ենթամշակույթ ունեցող շրջանակները և կոռուպցիոն շրջանակները ներթափանցած են և ներթափանցում են սպորտի բնագավառ, ֆուտբոլի բնագավառ, և մենք պետք է այստեղ էլ ապահովենք քրեական հարաբերությունների և կոռուպցիոն հարաբերությունների բացառումը: Ես, իմանալով նաև Ձեր անցած ճանապարհը, համոզված եմ, որ Դուք սկզբունքորեն այդ գծին հետևողական կլինեք:

Երրորդը՝ իհարկե, հնարավորությունների զարգացման առումով, որովհետև մենք ասել ենք, որ ամենակարևոր հարցը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պիտի լուծվի, հնարավորությունների զարգացումն է, և ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ բազմաթիվ պատանիներ, աղջիկներ կարող են իրենց հնարավորությունները զարգացնելու և օգտագործելու ներշնչանք գտնել, և շատ կարևոր է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ռեալ զարգացնենք ֆուտբոլային ենթակառուցվածքը՝ նաև որպես հանրային կյանքի կազմակերպման կարևոր ատրիբուտ:

Իհարկե, Ֆուտբոլի ֆեդերացիան գործում է կառավարությունից անկախ, բայց կարծում եմ նաև, որ ընդհանուր պատկերացումներ ունենալը շատ մեծ հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար, ընդ որում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս առումով հնարավորություններ ունի ինչպես Հայաստանի կառավարության և պետական մարմինների հետ, այնպես էլ ֆուտբոլային միջազգային հանրության հետ համագործակցելու, և ես համոզված եմ, որ այստեղ ամբողջ պոտենցիալը չէ, որ օգտագործված է, և ուզում եմ Ձեզ հաջողություններ մաղթել այդ պոտենցիալն առավել արդյունավետ օգտագործելու գործում»:

ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է.

«Հարգարժան պարոն վարչապետ,

ես շնորհակալ եմ շնորհավորանքների համար ոչ թե իմ անունից, այլ ֆուտբոլային ընտանիքի անունից: Մենք երկար տարիներ ի վեր չէինք ունեցել մրցակցային ընտրություններ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Դա տեղի ունեցավ, և դա կարևորագույն նշան է, որ Հայաստանում ֆուտբոլը պետք է գնա առողջացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է կոռուպցիային հակազդելու մեխանիզմներին, Դուք գիտեք և հանրությունը հետևում է վերջին շրջանում եվրոպական, համաշխարհային ֆուտբոլում այդ դրական զարգացումներին. և՛ ՈՒԵՖԱ-ում, և՛ ՖԻՖԱ-ում 2016-ին եղան աղմկահարույց իրադարձություններ, երբ հրաժարական տվեցին ՖԻՖԱ-ի նախագահը, ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը, և այնտեղ էլ առողջացման գործընթացը շարունակվում է: Իհարկե, մենք համագործակցում ենք նաև միջազգային կառույցների՝ ՈՒԵԱՖ-ի և ՖԻՖԱ-ի հետ այդ ուղղությամբ, և մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի Հայաստանում ֆուտբոլը զերծ մնա նման երևույթներից:

Մենք ունենք տեսլական, մինչև 2025 թվականի մեր ռազմավարության մեջ նշված է մեր տեսլականը՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնել ֆուտբոլի միջոցով: Դա մեր տեսլականն է, և մենք այդ ճանապարհով գնալու ենք: Տեսլականի մեջ նաև նշված է տարբեր տարիքային ազգային հավաքականների և ազգային հավաքականի հաջող ելույթի, մասնակցության մասին Եվրոպայի և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում: Իհարկե, դա հավակնոտ ծրագիր է, մինչև 2025 թվականը, բայց մենք անելու ենք մեզնից կախված առավելագույնը, որպեսզի դա տեղի ունենա, որպեսզի ենթակառուցվածքները Հայաստանում զարգանան, և ֆուտբոլն իրոք դառնա այն ազգային խաղը, որը կլինի բոլորինը և ոչ թե նեղ շրջանակների մարդկանց»:

Վարչապետը նկատել է, որ ժամանակակից աշխարհում ֆուտբոլն սկսել է ընկալվել ոչ միայն որպես մարզաձև, այլև որպես տնտեսության ճյուղ, և Հայաստանում ֆուտբոլը նաև որպես տնտեսության ճյուղ չի զարգացել այն նույն պատճառով, ինչ տնտեսության մյուս ճյուղերի դեպքում՝ մենաշնորհներ, չարաշահումներ, հնարավորությունների սահմանափակումներ:

Անդրադառնալով ՀՖՖ նախագահի ընտրությունների մրցակցային բնույթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրականում դա շատ դրական փոփոխություն է: Իսկապես մենք գուցե չէինք էլ նկատել, երկար տարիներ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ 1-ից ավելի թեկնածուով չեմ հիշում ընդհանրապես եղել է Երրորդ հանրապետության պատմության մեջ, համենայն դեպս, տեսանելի անցյալում չի եղել: Այս առումով կարծում եմ՝ իսկապես հենց սա է ենթատեքստը, և Ձեր պատասխանատվությունն էլ շատ մեծ է, որովհետև, ըստ էության, Ձեր ընտրությամբ Հայաստանում փորձարկվում է ֆուտբոլի կառավարման և զարգացման նոր մոդել, որը նախադեպը չի ունեցել՝ աշխարհում գուցե ունեցել է, բայց Հայաստանում մենք այդ նախադեպը չենք ունեցել, որովհետև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահները եղել են կամ իշխանությունների հետ սերտորեն առնչվող մարդիկ, կամ ենթականեր են եղել, դրանց ես այսօր չեմ ուզում անդրադառնալ: Շատ կարևոր է, Դուք նշեցիք Ձեր խոսքում և ես ցանկանում եմ ընդգծել՝ ֆուտբոլը որպես տնտեսության ճյուղ, որպես հանրային կյանքի կազմակերպման ուղղություն, որպես ազգային էմոցիոնալ միասնություն ապահովող հարթակ, որտեղ վերանում են կուսակցական պատկանելությունները, քաղաքական համոզմունքները, որպես երիտասարդության և երեխաների հնարավորությունների զարգացման և առողջ ապրելակերպի, ընդհանրապես որպես սպորտի մի սեգմենտի զարգացման ուղղություն և իհարկե, որպես տարածքային համաչափ զարգացման կարևոր կոմպոնենտ, որովհետև մենք շատ կարևոր ենք համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետության մարզերում նույնպես ֆուտբոլը ոչ միայն ֆուտբոլային ենթակառուցվածքները զարգանան, այլև ֆուտբոլային իրական կյանք տեղի ունենա, ինչպես մենք խնդիր ենք դրել Հայաստանի Հանրապետությունում մշակութային կյանք տեղի ունենա, մարզական կյանք, այդ թվում և առանձնապես ֆուտբոլային կյանք տեղի ունենա:

Իհարկե, կարող եք այս հարցերի լուծման գործում այնտեղ, որտեղ կառավարությունը կկարողանա աջակցել Ֆեդերացիային, կարող եք հույս դնել այդ աջակցության վրա: Մենք հույս ունենք նաև, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը կլինի մեր ռազմավարական պատկերացումների շրջանակում, հենց նկատի ունեմ իմ ասած ուղղությունները»:

Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում ՀՖՖ-ն ակտիվ համագործակցում է պետական մարմինների հետ բայց անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն, որովհետև ֆուտբոլը պետք է համակցել որպես սոցիալական միջոց ու որպես տնտեսության ճյուղ և բացառել քաղաքական կոմպոնենտը: Նրա խոսքով՝ առկա են դրական տեղաշարժեր, մասնավորապես, վերջին տարվա ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ աշխատանքի արդյունքում 2 օրից կարելի է հայտարարել, որ 51 խաղադաշտ՝ 40/20 չափի արհեստական խոտածածկով, արդեն պատրաստ է ՀՀ տարբեր մարզերում՝ 10 խաղադաշտ Վայոց ձորում, 13՝ Տավուշում, 12՝ Շիրակում և 15՝ Գեղարքունիքում, 1-ը՝ Արարատի մարզում է: Հաջորդ փուլը լինելու է Արարատի և Արագածոտնի մարզերում: ՀՖՖ նախագահն ասել է, որ ծրագիրը շարունակվելու է, 2020 թ. համար այս պահին դրությամբ 30 այդպիսի խաղադաշտի կառուցման ծրագիր կա, և խաղադաշտերը կառուցելիս նաև սոցիալական բացադրիչն է հաշվի առնվում՝ սոցիալական աջակցության ինդեքսը և այն մարզերում, որտեղ սոցիալական ծրագրերի կարիք կա, կառուցվել է խաղադաշտ, չնայած այլ չափորոշիչներով այն չի հանդիսացել խաղադաշի կառուցման համար նպատակահարմար: Որպես օրինակ՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է Խաչիկ գյուղում կառուցված խաղադաշտը:

Վարչապետը ողջունելի է համարել խաղադաշտերի կառուցումը հանրապետության մարզերում և, նաև անդրադառնալով ՀՖՖ նախագահի՝ ֆուտբոլն ապաքաղաքականացնելու դիտարկմանը, նշել. «Կարծում եմ՝ առաջիկայում պետք է ընդհանրապես ֆուտբոլը և սպորտն ապաքաղաքականացնելու խնդիր դնենք: Կարծում եմ, որ դա մեր հաջորդ մեծ խնդիրներից է, որովհետև շատ դեպքերում փորձ է արվում սպորտը ծառայեցնել ինչ-որ խմբերի, ուժերի, անհատների կոնկրետ քաղաքական և ոչ քաղաքական տարբեր ամբիցիաներին: Չի կարելի թույլ տալ, որպեսզի պետության և երկրի առաջ մեծ ծառայություն ունեցող մարզիկները դառնան ֆոն ինչ-որ խմբերի կամ անհատների ինքնագովազդի կամ քաղաքական ինչ-որ պրոցեսների համար: Իսկապես, ես ուրախ եմ, որ Ֆեդերացիայում այսպիսի փոփոխություններ են տեղի ունենում, երբ նոր սերնդի ներկայացուցիչներ՝ նոր մտածելակերպով, նոր ռազմավարական ընկալումներով, ստանձնում են այդ պատասխանատվությունը: Շատ կարևոր առաքելություն է դրված Ձեր ուսերին»:

Կառավարության ղեկավարը նաև իր շնորհավորանքն է փոխանցել Ֆեդերացիայի մյուս նորընտիր ներկայացուցիչներին, գործկոմի անդամներին և պաշտոնյաներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ