07 11 2019

Փորձ է արվում սևացնել ինձ․ Արթուր Վանեցյան

Փորձ է արվում սևացնել ինձ․ Արթուր Վանեցյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նոյեմբերի 6-ից սկսված իրարանցմանը՝ կապված այն տեղեկությունների հետ,  որ նա լիազորություն չի ունեցել հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու։

«Իրականում, որևէ խնդիր չի եղել, որևէ երկրաշարժ չի եղել, ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկ շատ բարձրացավ ու այդ հարցի վրա շատ սևեռվեց հասարակության ուշադրությունը։ Իրականում, եղել է շատ պարզ իրավական կազուս, որի համար ֆեդերացիայում նշանակվել է ծառայողական քննություն և ֆեդերացիայի համապատասխան պաշտոնատար անձիք կպատասխանեն այդ հարցերին ու նրանց նկատմամբ համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի», - նշեց ՀՖՖ նախագահը՝ հավելելով, որ նոր կանոնադրություն է հաստատվել դեռևս հունիսի 26-ից, որի համաձայն գլխավոր մարզչի, բոլոր հավաքականների մարզիչների նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին, դա որոշում է նախագահը, հունիսի 26-ին այդ որոշումը ընդունվել է ընդհանուր ժողովի կողմից, որից հետո այդ կանոնադրությունը պետք է մուտքագրվեր պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում։

«Ինչ-ինչ պատճառներով կանոնադրությունը մուտքագրվել է հոկտեմբերի 25-ին ու տասն աշխատանքային օր է պահանջվում, որ այդ կանոնադրությունը գրանցվի պետական ռեգիստրում։ Ֆորմալ առումով դրա հաստատումը պետք է լինի վաղը, բայց երբ ինձ բերել են ու ներկայացրել են, որ նոր մարզչի նշանակման հարց կա, աշխատակազմը ինձ ուղղակի չի տեղեկացրել, որ պետռեգիստրում դեռևս գրանցում ստացած չէ, դա եղել է զուտ տեխնիկական սխալ», - նշեց Վանեցյանը՝ հավելելով․

«Իմ ցանկացած քայլ՝ երկրից բացակայել, մեկի հետ հանդիպել, սրճարան գնալ և այլն, և այլն դառնում է քննարկման առարկա, դա էլ հերիք չի, իմ հրաժարականից հետո որոշ լրատվամիջոցներ գրեթե ամենօրյա ռեժիմով կեղծ լուրեր են տարածում իմ մասին, այդ լուրերից որևէ մեկը չի հաստատվել։ Ես, իհարկե, կարող եմ մշտապես հանդես գալ հերքումներով, բայց չեմ ուզում հանդես գալ հերքումներով կամ ներկայացնել դատական հայցեր, որպեսզի հանգստանան ու շարժվեն առաջ», - ասաց Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում են իր մասին ու փորձ է արվում սևացնել իրեն, իրականության հետ որևէ կապ չունեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ