25  04  2019

133 հազար դոլար՝ Լևոն Արոնյանին համակարգիչ գնելու և մրցաշարի պատրաստվելու համար



ՀՀ կառավարությունն ապրիլի 25-ին որոշեց 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Հիմնավորման մեջ նշվում է. «Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության բոլոր ժամանակների 4-րդ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը 2019 թվականին պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին, որը բաղկացած է լինելու 3 փուլից՝

  • հավակնորդների մրցաշարի կլասիֆիկացիա,
  • հավակնորդների մրցաշարի հաղթանակ և աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի կլասիֆիկացիա,
  • աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի հաղթանակ:

Թեև պայքարը շատ թեժ և ծանր է լինելու, Լևոն Արոնյանը առաջատարների ցանկում է և մեծ շանսեր ունի նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հետ բերելով չեմպիոնի կոչումը Հայաստանի Հանրապետություն: Անհրաժեշտ է նշել, որ Լևոն Արոնյանը 2017 թվականին եղել է ամենադոմինանտ խաղացողը՝ նվաճելով 5 սուպեր մրցաշար և աշխարհի գավաթ:

Բարձր մակարդակի շախմատը վերջին 10 տարիների ընթացքում սերտորեն կապվել է բարձր տեխնոլոգիաների հետ, քանի որ ռեպերտուարի ուսումնասիրությունը և ընդլայնումը ուղիղ կապ ունի բազմամիջուկային համակարգիչների հետ: Հարկ է նշել, որ Լևոն Արոնյանի համակարգիչը ձեռք է բերվել 2011 և 2013 թվականներին, և արդեն հնացել է՝ հետ ընկնելով մրցակիցների կողմից օգտագործվող համակարգիչներից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը 2019 թվականին հատկացնել 133200.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»:

Կառավարության նիստում քննարկվեց նաև Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վատ վիճակը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ