22  12  2017

Հենրիխ Մխիթարյանը՝ դարձյալ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը՝ դարձյալ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները:

Հավաքելով  190 միավոր` Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ  անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանն այսօր ամենաճանաչված հայերից մեկն է աշխարհում: Համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են Մխիթարյանին՝ նշելով նաև Հայաստան անունը, և այս առումով ահռելի է Մխիթարյանի ավանդը աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժեքների հանրահռչակման գործում:

«Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով` ցանկանում են շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի և ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018 թվականը նաև բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար, և Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ զրույցում նշել է Մխիթարյանը:

39 քվեարկողներից 38-ը Մխիթարյանի անունն է նշել են առաջին տեղում:

35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Հարցման արդյունքները՝ այստեղ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ