22 04 2023

Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Այս քաշում Հայաստանը ներկայացնում է Գարիկ Կարապետյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գարիկ Կարապետյանը պոկում վարժություն երկու հաջող մոտեցում ունեցավ` 172 կգ և 178 կգ: Վերջին մոտեցմամբ հայ ծանրորդը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանեց (178 կգ): Այս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Կարապետյանը նախ բարձրացրեց 208 կգ, այնուհետև՝ 214 կգ: Այս մոտեցմամբ՝ հրում վարժությունում Կարապետյանը սահմանեց աշխարհի և Եվրոպայի ռեկորդ, իսկ երկամարտի 392 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Հրում վարժությունում առաջին տեղում վրացի Իրակլի Չխեիձեն է:
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն է, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր:

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը`արծաթե մեդալակիր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ