01 05 2024

Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա. Հարութ Սասունյան

Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա. Հարութ Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի ազգային շահերին հակասող հայտարարություններն օրեցօր գնալով ավելի տագնապալի են դառնում։

Սկզբում Փաշինյանը նսեմացրեց Արարատ լեռը՝ հայոց ամենակարևոր խորհրդանիշը։ Այնուհետև ծաղրեց Հայաստանի զինանշանը՝ հարցադրելով, թե ինչու է այնտեղ առյուծ պատկերված՝ պնդելով, որ Հայաստանում առյուծներ չկան։ Այս հայտարարությամբ Փաշինյանը երեք փաստական սխալ թույլ տվեց․

1) Նա կարծես չէր հասկանում, որ առյուծը խիզախության և ուժի խորհրդանիշ է: Այն որևէ կապ չունի Հայաստանում առյուծներ լինել-չլինելու հետ.
2) Կան մեկ տասնյակից ավելի երկրներ, որոնք իրենց զինանշանի վրա առյուծ ունեն՝ առանց իրենց երկրներում որևէ առյուծ ունենալու.
3) Նա նաև ճիշտ չէ, որ Հայաստանում առյուծներ չկան։ Հայտնի օլիգարխը երկար տարիներ մի քանի առյուծ ուներ իր առանձնատանը։

Վարչապետն այնուհետև վիրավորական արտահայտություններ արեց Հայաստանի պետական օրհներգի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ այն պարունակում է «թշնամի» բառը։ Կան մի քանի այլ երկրներ, որոնց պետական օրհներգում ևս առկա է թշնամի բառը:

Փաշինյանը շարունակեց դժգոհել, որ այն, ինչ այժմ կոչվում է «Հայոց բանակ», պետք է լինի «Հայաստանի բանակ», իսկ «Հայոց պատմության» դասագրքերը պետք է կոչվեն «Հայաստանի պատմություն»։ Նա նաև ցանկանում է հեռու պահել այսօրվա Հայաստանն իր անցյալից՝ հակադրելով «Իրական Հայաստանը» «Պատմական Հայաստանին»։ Այնուհետև, նախագահ Ալիևի պահանջին համահունչ, նա առաջարկեց, որ Հայաստանը ընդունի նոր սահմանադրություն՝ վերացնելով Արցախի և Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները։

Անցյալ շաբաթ ես գրել էի Փաշինյանի գլխավոր օգնականներից մեկի անհավանական առաջարկի՝ Հայոց ցեղասպանության բոլոր 1,5 միլիոն զոհերի ցուցակը կազմելու մասին։ Սա Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը կասկածի տակ դնելու անուղղակի միջոց է։
Այս բոլոր հայտարարությունները վկայում են այն մասին, որ Փաշինյանը նահանջում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգայնական դիրքերից՝ Ադրբեջանին և Թուրքիային գոհացնելու համար։

Իրավիճակն ավելի վատթարացնելով, 2024 թվականի ապրիլի 24-ին վարչապետը հայտարարություն տարածեց՝ լի շփոթեցնող բառերով, որոնք արտացոլում են նրա անկայուն հոգեվիճակը։ Նա Հայոց ցեղասպանությունը 11 անգամ անվանեց Մեծ Եղեռն և ընդամենը չորս անգամ՝ Ցեղասպանություն։ Մեծ Եղեռնը մի եզրույթ է, որը հայերն օգտագործել են մինչև 1940-ական թվականները՝ նկարագրելու համար ցեղասպանությունը, նախքան Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանություն եզրույթի ստեղծումը։ Այդ ժամանակից ի վեր, ճիշտ և իրավական եզրույթը, որը պետք է գործածվի, գենոցիդն է կամ ցեղասպանությունը՝ հայերեն։

Զարմանալի չէ, որ Փաշինյանն ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ ևս մեկ անգամ աղավաղեց ցեղասպանություն եզրույթի իմաստը՝ շարունակելով հայկական ազգային խորհրդանիշներն ու տերմինաբանությունը նսեմացնելու իր փորձերը։

Փաշինյանը դժգոհեց, որ Մեծ եղեռնի պատճառով Հայաստանը հաճախ այլ երկրների հետ առնչվում է հոգեցնցման կամ ցնցման վիճակում. «այդ պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները։ Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ»:
Նման հայտարարությամբ Փաշինյանն իր անկարող որոշումների և պետության սխալ կառավարման մեջ մեղադրում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցումը։ Թեև ճիշտ է՝ գոյություն ունի միջսերնդային հոգեցնցում, սակայն ես խորհուրդ կտայի վարչապետին ավելի շուտ դիտարկել իր իշխելու անկարողությունը, քան Ցեղասպանության հոգեցնցումը:

Այնուհետ Փաշինյանը զարմանալիորեն առաջարկեց հայերին «դադարեցնել հայրենիքի փնտրտուքը, որովհետև մենք գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»։
Պարզվում է, որ Փաշինյանը կորցրել է իրականության բոլոր ընկալումները։ Նա Հայաստանն իր գոյաբանական խնդիրներով բնութագրում է որպես «ավետյաց երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում․․․»։ Ավելի հավանական է, որ նա և իր ընտանիքը շքեղ կյանքով են ապրում հայ հարկատուների հաշվին։

Փաշինյանի ապրիլի 24-ի ուղերձը գոհացրել է միայն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս հաճույքի վկայությունն էր թուրքերի բազմությունը, որն ապրիլի 24-ին հավաքվել էր Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ հայ ցուցարարների երեսին վանկարկելով «Փաշինյա՛ն, Փաշինյա՛ն, Փաշինյա՛ն»:

Թուրքիայի նախագահը, ինչպես դա արել է 2014 թվականից ի վեր ամեն ապրիլի 24-ին, հայտարարություն տարածեց՝ փորձելով խաբել միջազգային հանրությանը, թե ինքը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Նա իրականում միախառնեց հայերին ու թուրքերին և բոլոր մյուսներին, որոնք «Առաջին համաշխարհային պատերազմի» ընթացքում «մահացել կամ նահատակվել են զինված հակամարտությունների, ապստամբությունների, ավազակախմբերի բռնության և ահաբեկչական գործողությունների հետևանքով»։ Այդպիսով նա նենգափոխել է ցեղասպանության հայ զոհերին որպես պատերազմի զոհեր: Էրդողանը «1915 թվականի իրադարձությունները» որակել է ոչ թե որպես ցեղասպանություն, այլ մի «ողբերգություն, որի ընթացքում երկու կողմերն էլ զոհեր են ունեցել»։

Փաշինյանին ուղղված ուղերձում Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ… կարծես թե կախված են [ցեղասպանության] հարցում Երևանի դիրքորոշումից… Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, և ժամանակն է մի կողմ թողնել անհիմն պահանջները։ Ժամանակն է առաջ շարժվել իրողություններով, որն ավելի լավ է, քան կեղծիքով, հեքիաթներով առաջ շարժվելը»։ Սա շատ նման է նրան, ինչ փորձում է անել Փաշինյանը։ Էրդողանն ավելի ակնհայտ դարձրեց իր ուղերձի նպատակը, երբ ասաց. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է սա [իրականությունը]»։ Որպես վերջին ապտակ, Էրդողանը հայտարարեց. «Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին»:

Էրդողանի խոսքերի իրական իմաստը բացահայտվեց, երբ Ստամբուլի նահանգապետարանը հերթական անգամ արգելեց ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ոգեկոչումը: Գործերն ավելի է խոսուն են, քան խոսքերը․․․

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ